Արտավազդ բ

Արտավազդ Բ Արտաշեսյան, հայտնի է նաև որպես Արտավազդ Աստվածային[1] (հին հուն․՝ Αρταβάσδης της Αρμενίας, ծննդյան թիվը՝ անհայտ — մ․թ․ա․ 31 թվականԱլեքսանդրիաՊտղոմեոսյան Եգիպտոս), Մեծ Հայքի թագավորությանարքայից արքաԱրտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ-ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք՝ ստանալով «Աստվածային» պատվանունը[1]։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s