Տնտեսագիտություն,հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
Մեծ տարբերություն կա պոզիտիվ (պատասխանում է «ի՞նչ է» հարցին) և նորմատիվ տնտեսագիտությունների (պատասխանում է «ի՞նչ կլինի» հարցին) միջև։ Մեծ տարբերություն կա նաև տեսական ու կիրառական տնտեսագիտությունների, ռացիոնալ և ադապտիվ՝ հարմարվողական, տեսությունների, դասական՝ օրթոդոքս, և ոչ դասական՝ հետերոդոքս, ուղղությունների միջև[4]։