Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

Աշխարհագրական թաղանթի կարևորագույն և առավել հայտնի օրինաչափությունը
զոնայականությունն է:
Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու
դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Զոնայականության
գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական
լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ: Դրանով են
պայմանավորված մթնոլորտային ճնշման, տեղումների, ցամաքի ու օվկիանոսների ջրերի,
հողաբուսական ծածկի ու կենդանական աշխարհի զոնայական դրսևորումները:
Զոնայականության վերաբերյալ պատկերացումները ձևավորվել են դեռ հին
Հունաստանում և հիմնված են եղել հին հույների կողմից առաջ քաշած Երկրի
գնդաձևության գաղափարի վրա: Իսկ աշխարհագրական թաղանթի այդ
օրինաչափության գիտական հիմնավորումը տրվել է ռուս աշխարհագրագետ Վ.
Դոկուչաևի կողմից 19–րդ դարի վերջերին: Ճառագայթային էներգիայի զոնալ
բաշխվածության կարևոր հետևանքներից մեկը երկրագնդի վրա ջերմային գոտիների
առաջացումն է: Առանձնացնում են ջերմային հինգ գոտիմեկ տաք կամ շոգ գոտի, երկու բարեխառը գոտի, երկու ցուրտ գոտի: Ջերմային այդ գոտիների սահմաններում առանձնացվում են չորս հիմնական և երեք միջանկյալ կլիմայական գոտիներ: Երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացման և խոնավացման ազդեցության տակ ձևավորվում են օդային զանգվածների չորս հիմնական տիպերը հասարակածային,
արևադարձային, բարեխառն, բևեռային:
Աշխարհագրական թաղանթի առավել խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի
աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:
Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական
գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային,
բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ»
նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային

զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան
հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով
անցողիկ գոտու կլիմայական իրադրությունը: Աշխարհագրական գոտիներից
յուրաքանչյուրն ունի մարդու կյանքի և գործունեության համար իր
առանձնահատկությունները: Այդ պայմաններն առավել բարենպաստ են բարեխառն,
մերձարևադարձային և մերձհասարակածային գոտիներում, որտեղ շատ լավ են
արտահայտված նաև բնության զարգացման ռիթմիկ զարգացումները: Այդ գոտիներն
առավել ինտենսիվորեն, քան մյուսները, յուրացված են մարդու կողմից:
Աշխարհագրական գոտիները կանոնավոր շերտերի տեսք չունեն: Ռելիեֆի, ծովային
հոսանքների և այլ գործոնների ազդեցությամբ դրանք կարող են լայնանալ և նեղանալ:
Այդ իմաստով՝ գոտիներն առավել միասեռ են օվկիանոսների վրա: Աշխարհագրական
գոտիների ներսում առանձնացնում են աշխարհագրական (բնական) զոնաները աշխարհագրական թաղանթի զոնալ տարբերակման երկրորդ հիմնական միավորները: Աշխարհագրական զոնան աշխարհագրական (բնական) գոտու բաղկացուցիչ մասն է, որը բնութագրվում է իրեն հատուկ ջերմային և խոնավացման պայմաններով, հողաբուսական ծածկով, կենդանական աշխարհով: Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ), իսկ բարեխառն գոտում, որն ամենաանհամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների, կիսաանապատների և անապատների): Հարթավայրային շրջաններում սովորաբար զոնաները տարածվում են արևմուտքից արևելք և ճիշտ են արտացոլում օրինաչափության էությունը: Բայց աշխարհագրական համալիր պայմաններից կախված
առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթիցտարածվելով միջօրեականների ուղղությամբ (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում): Աշխարհագրական թաղանթի զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն: Այդ բոլոր երևույթներն անընդհատ փոխում են ջրի և ցամաքի բաշխվածությունը, նրա ներքին կառուցվածքը համապատասխան փոփոխություններ մտցնելով նաև բնատեսքերի
(լանդշաֆտ) մեջ: Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր

տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը: Դա այն երևույթն է, երբ բնական
բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության`
լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած
գոտիների: Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության,
կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման
հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր
երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր
աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ.
ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ
ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը
լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ
հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական
գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները
հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում
պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի
առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի
դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում
առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը
հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց
գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց
գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում
գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային
անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ
անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային,
բարձրլեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:
Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից:
Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է
նրա գոտիների կազմը (հիշե՛ք վերընթաց գոտիների հավաքակազմը ՀՀ–ում): Ցամաքների
վերընթաց գոտիականության նման Համաշխարհային օվկիանոսում առանձնացնում են
խորքային գոտիականությունը, որը պայմանավորված է, ըստ խորության,
ջերմաստիճանի, լուսավորության, ինչպես նաև ջրային զանգվածի ֆիզիկաքիմիական
հատկանիշների փոփոխմամբ: Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող ցանկացած
երևույթի տարածական փոփոխություններն ու առանձնահատկությունները կարելի է
ճիշտ հասկանալ զոնալ և ազոնալ գործոնների համատեղ հաշվառման հիման վրա:
Բնության ուսումնասիրման նման համալիր մոտեցմամբ միայն կարելի է ճիշտ գնահատել

բնական պայմաններն ու ռեսուրսները և, հետևապես, ճիշտ կողմնորոշվել տարածքի
արդյունավետ օգտագործման ու բնության պահպանության հարցերում: Միասնական
համակարգ հանդիսացող աշխարհագրական թաղանթի սահմաններում զոնալ և ազոնալ
գործոնների համատեղ ազդեցության, էներգիայի և նյութերի շրջապտույտների, ռիթմային
փոփոխությունների հետ կապվածնրա կառուցվածքն ամենուր նույնը չէ: Այդ գործոնների և երևույթների փոխազդեցության պատճառով աշխարհագրական թաղանթի տարբեր մասերի զարգացումը միևնույն ձևով չի ընթանում, որը և առաջացնում է աշխարհագրական թաղանթի տրոհում որակապես տարբեր մասերի, որոնք կոչվում են աշխարհահամակարգեր (գեոհամակարգեր) կամ բնատարածքային համալիրներ: «Բնատարածքային համալիր» հասկացության էությունը հուշում է, որ բնության պահպանման, վերափոխման և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է ցուցաբերել համալիրային մոտեցում. առանց համալիրն ամբողջությամբ ճանաչելու ոչ մի միջոցառում նպատակին չի կարող ծառայել: Յուրաքանչյուր բնատարածքային համալիր կազմված է փոխկապված, փոխպայմանավորված աշխարհագրական (բնական) բաղադրիչներից (ռելիեֆ, կլիմա, ջրեր, հող, բույսեր, կենդանիներ): Դրանք միմյանց հետ սերտորեն կապված են, և մեկի փոփոխությունը համապատասխան փոփոխություն է առաջացնում մյուսների և ողջ համակարգի մեջ: Օրինակ՝ կլիմայի փոփոխությունը անխուսափելիորեն առաջ է բերում բույսերի, կենդանիների, հողագոյացման փոփոխություններ: Փաստորեն, բնատարածքային համալիրները աշխարհագրական թաղանթի որոշակի տարածք զբաղեցնող, բնական բաղադրիչների փոխկապված, փոխպայմանավորված օրինաչափ զուգակցություններն են: Աշխարհահամակարգերն իրենց կազմակերպման մակարդակով խիստ բազմազան են: Ամենամեծ բնատարածքային համակարգը աշխարհագրական թաղանթն է: Նրա տարածքային խոշոր մասերն են մայրցամաքներն ու օվկիանոսները, որոնք էլ, իրենց հերթին, բաղկացած են ավելի փոքր միավորներից աշխարհագրական գոտիներից, զոնաներից և այլն: Որպես ինքնուրույն
բնատարածքային համալիր կարող են հանդես գալ նաև մարգագետինը, լիճը, ճահիճը և
այլն: Ցանկացած մեծության բնատարածքային համալիրի գլխավոր հատկանիշը նրա
ամբողջականությունն է, միասնականությունը: Համալիրի բաղադրամասերի միջև
փոխազդեցությունն իրականացվում է էներգիայի և նյութերի շրջապտույտի շնորհիվ:
Աշխարհագրական թաղանթում ընթացող բոլոր գործընթացներն ամենից առաջ
պայմանավորված են էներգիայի շրջապտույտով: Էներգիան թաղանթում ընթացող բոլոր
գործընթացների շարժման սկիզբն է, որոնք ընթանում են էներգիայի կլանմամբ,
վերափոխմամբ և անջատմամբ: Աշխարհագրական թաղանթում անընդհատ տեղի է
ունենում նաև նյութերի շրջապտույտ, այսինքն` նյութերի տեղափոխություն և
վերափոխում: Նյութերի շրջապտույտի գլխավոր գործոնը էներգիայի շրջապտույտն է:

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s