ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»:
Աշխարհագրական թաղանթում բոլոր գործընթացներն ընթանում են ինչպես
արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին
(աշխարհագրականթաղանթից դուրս` ի հաշիվ դրանցից որևէ մեկի), ընդ որում՝
արեգակնային էներգիան բացարձակապես գերակշռում է: Աշխարհագրական թաղանթում
նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն,
ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):
Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների
համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների
զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի
հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է
առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի
օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր
է: Այսպիսով՝ աշխարհագրական թաղանթի ընդհանուր հզորությունը ցամաքից հաշված
մոտ 30 կմ է, իսկ աշխարհագրական թաղանթի ստորին սահմանն օվկիանոսներում
համարվում է դրանց հատակը:
Աշխարհագրական թաղանթը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Դրանք են
ապարները, ջուրը, օդը, բույսերը, կենդանիները, հողը: Այդ բաղադրիչները միմյանցից

տարբերվում են իրենց ֆիզիկական վիճակներով (պինդ, հեղուկ, գազային),
կազմավորվածության աստիճանով (անկենդան, կենդանի, անկենդանի և կենդանիի
համակցում հողը), քիմիական կազմով, ինչպես նաև ակտիվության աստիճանով
(կայունապար, հող, շարժուն օդ, ջուր, ակտիվկենդանի նյութ): Երբեմն աշխարհագրական թաղանթի բաղադրիչներ են համարում նաև առանձին թաղանթները
քարոլորտը, մթնոլորտը, ջրոլորտը և կենսոլորտը, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ,
որովհետև որոշ ոլորտներ ամբողջությամբ չեն մտնում աշխարհագրական թաղանթի մեջ:
Աշխարհագրական թաղանթը մեր մոլորակի ամենաընդարձակ, առավել բարդ և
բազմազան նյութական համակարգն է: Ընդ որում` բարդ, որովհետև բաղկացած է
նյութական բազմաթիվ մարմիններից, դինամիկ, որովհետև անընդհատ փոփոխվող է,
ինքնակարգավորվող, որովհետև օժտված է որոշակի կայունությամբ, բաց, որովհետև
շրջակա միջավայրի հետ անընդհատ կատարվում է նյութերի, էներգիայի և
տեղեկույթի փոխանակություն: Աշխարհագրական թաղանթն անհամասեռ է: Այն ունի
հարկերով ուղղահայաց կառուցվածք՝ բաղկացած առանձին ոլորտներից: Նրանում
նյութերը բաշխված են ըստ խտության, ընդ որում՝ որքան բարձր է նյութի խտությունը,
այնքան ներքևում է այն գտնվում: Այդուհանդերձ, աշխարհագրական թաղանթն առավել
բարդ կառուցվածք ունի ոլորտների փոխշփման հատվածներում. Մթնոլորտի և
քարոլորտի (ցամաքի մակերևույթին), մթնոլորտի և ջրոլորտի (Համաշխարհային
օվկիանոսի մակերևույթին), ջրոլորտի և քարոլորտի (Համաշխարհային օվկիանոսի
հատակին), ինչպես նաև օվկիանոսների առափնյա գոտում, որտեղ փոխշփվում են
ջրոլորտը, քարոլորտը և մթնոլորտը:
Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ստորին շերտը, քարոլորտի վերին
շերտը և ջրոլորտը, կենսոլորտն ու մարդոլորտն ամբողջությամբ: Աշխարհագրական
թաղանթի ոլորտները միմյանցից մեկուսացված չեն: Ընդհակառակը՝ դրանք իրար հետ
սերտ կապված են, փոխազդում են միմյանց վրա, ներթափանցում են մեկը մյուսի մեջ:
Աշխարհագրական թաղանթի ոլորտների փոխազդեցության շնորհիվ է առաջացել հողը:
Այդ փոխազդեցությունների շնորհիվ բարենպաստ պայմաններ են գոյացել կյանքի
ծագման, զարգացման ու տարածման համար, որն էլ իր հերթին շատ կարևոր դեր է
խաղացել աշխարհագրական թաղանթի հետագա վերափոխման և բարդացման գործում:
Վերջապես, այդ թաղանթի սահմաններում առաջացավ մարդը, որի համար
աշխարհագրական թաղանթը դարձավ և՛ ապրելու, և՛ տնտեսական գործունեության
միջավայր: Եվ ահա այդպես, միլիոնավոր տարիների ընթացքում Երկրի ոլորտների
ներթափանցման և փոխազդեցության շնորհիվ էլ գոյացել է աշխարհագրական թաղանթը:

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք
են ամբողջականությունը (միասնականությունը), ռիթմիկությունը
(պարբերականությունը), գոտիականությունը և զոնայականությունը: Աշխարհագրական
թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր
բաղադրիչների միասնականությունը: Այս հատկանիշը պայմանավորված է նրանով, որ
աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց
հետ, և դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ
համակարգի փոփոխություն: Ու թեև աշխարհագրական թաղանթի յուրաքանչյուր
բաղադրիչ գոյություն ունի և զարգանում է իրեն հատուկ օրենքներով, դրանցից ոչ մեկը
մեկուսացված գոյություն ունենալ և զարգանալ չի կարող: Աշխարհագրական թաղանթի
ամբողջականությունը կանխորոշում է նրանում տեղի ունեցող նյութերի և էներգիայի
շրջապտույտը:
Աշխարհագրական թաղանթի միասնականությունը պատկերացնելու համար կարելի է
դիտարկել բազմաթիվ օրինակներ: Դրանցից ակնառուն, թերևս, կլիմայի գլոբալ
տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի` Արեգակից ստացված
և ծախսված ջերմության հավասարակշռության
խախտում: Գիտնականները գտնում են, որ
ներկայումս Երկիր ավելի շատ արեգակնային
էներգիա է հասնում, քան նրանից հեռանում է,
ինչի արդյունքում էլ Երկրի ջերմությունն
աստիճանաբար բարձրանում է (հազարավոր և
միլիոնավոր տարիներ առաջ հակառակն է եղել, և
Երկրի վրա սկսվել է սառցապատումը): 20–րդ
դարում օդի ջերմության բարձրացումը 10–ով
առաջ է բերել, օրինակ, համաշխարհային ջրային հաշվեկշռի խախտում: Տաքացումը
հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և
ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրցամաքների վրա:
Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային
տարածքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության
բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը: Ջրի
համաշխարհային հաշվեկշռի նման փոփոխությունը պատճառ է Համաշխարհային
օվկիանոսի մակարդակի բարձրացմանը տարեկան միջին հաշվով 1,5 մմ–ով (մյուս
հետևանքների մասին փորձե՛ք պարզել դասընկերների հետ): Աշխարհագրական
թաղանթի ամբողջականության ճիշտ գնահատումն ունի գործնական կարևոր

նշանակություն: Աշխարհագրական թաղանթի միասնականության օրենքը մեզ հուշում է,
որ ցանկացած տարածքում մարդու կողմից արտադրական գործունեություն ծավալելուց
առաջ անհրաժեշտ է նախապես, ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել դրա
աշխարհագրական իրադրությունը, պարզել բազադրիչների միջև գոյություն ունեցող
պատճառահետևանքային կապերը, որից հետո միայն կատարել համապատասխան
քայլեր: Եվ եթե հաշվի չառնվեն բնության մեջ եղած այդ նուրբ կապերը, ապա դա կարող է
ունենալ բնությունն աղքատացնող անդառնալի հետևանքներ:
Աշխարհագրական թաղանթի ամբողջականության օրենքի գործնական նշանակությունն
առանձնապես մեծացել է մեր օրերում, երբ գնալով ընդարձակվում, լայնանում և
խորանում է մարդու ներգործությունը բնության վրա: Գիտատեխնիկական առաջընթացի
մեր ժամանակաշրջանում առանց աշխարհագրական թաղանթի ամբողջականության,
նրա բաղադրամասերի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերի
մասին հստակ պատկերացումների հնարավոր չէ բնության զարգացումը տանել ցանկալի
հունով: Եվ եթե առանց այդ ամենը իմանալու է մարդը ծավալում իր տնտեսական
գործունեությունն աշխարհագրական թաղանթում, ապա նշանավոր աշխարհագրագետ
Դ. Լ. Արմանդի դիպուկ բնորոշմամբ. «Անտեղյակ մարդկանց ներխուժումը բնության
պատճառական նուրբ կապերի ոլորտի մեջ նման կլինի իշամեղուների ներխուժմանը
սարդոստայնի մեջ»:
Աշխարհագրական թաղանթի մյուս հիմնական հատկանիշը ռիթմիկությունն է:
Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Նման երևույթի ամեն մի կրկնություն արտաքնապես է միայն նման, իսկ
իրականում այն էությամբ զգալիորեն տարբերվում է իր նախորդից: Առանց այդպիսի
փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող
բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտումսեյսմիկ երևույթները, հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող գործընթացները ջերմաստիճանի, տեղումների, ճնշման փոփոխությունները,
ջրոլորտում` ջրատարողությունը և լճերի մակարդակի տատանումները, սառցադաշտերի

ընդարձակումը և նահանջը, կենսոլորտումբույսերի և կենդանիների աճն ու զարգացումը: Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ պարբերական (կանոնավոր) և
ցիկլային (փոփոխական):
Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն
են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված
ռիթմիկ երևույթները: Ցիկլային ռիթմերը, փոփոխական են, որոշակի պարբերություն
չունեն: Դրանցից են կլիմայական փոփոխությունները, սառցապատումները:
Ցիկլային ռիթմերն ունեն տևողության միջինացված արժեք: Օրինակ՝ Արեգակի
ակտիվության ցիկլերի միջին տևողությունը 11 տարի է, բայց դրանց միջև ընկած
ժամանակահատվածը կարող է տևել 1–14 տարի:
Ըստ տևողության՝ տարբերում են օրական, տարեկան, ներդարավոր (մի քանի տարուց
մինչև տասնամյակներ), գերդարավոր (չափում են հազարամյակներով, տասնյակ և
հարյուրավոր հազարամյակներով), երկրաբանական (կրկնվում են միլիոնավոր տարիներ
հետո) ռիթմեր: Օրական ռիթմերն աշխարհագրական թաղանթում երևույթների
փոփոխություններն են, որոնք կապված են գիշերվա և ցերեկվա հերթափոխության հետ:
Տարեկան ռիթմերը աշխարհագրական թաղանթում արտահայտվում են տարվա
եղանակներից կախված՝ լանդշաֆտներում դիտվող փոփոխությունների կանոնավոր
կրկնությամբ: Ներդարավոր ռիթմերից առավել լավ ուսումնասիրված են 11 և 20–50
տարին մեկ կրկնվող ռիթմերը: Սրանցից 11 տարվա տևողություն ունեն
արևաերկրաֆիզիկական ծագման ռիթմերը, որոնք պայմանավորված են Արեգակի
ակտիվության տատանումներով: 30–35 տարվա ընթացքում խոնավ և զով տարիների
շարքը փոխվում է տաք և չոր տարիների շարքի: 20–50 տարի պարբերությամբ ռիթմերը
գոյություն ունեն նաև գետերի ու լճերի ջրապարունակության, լեռնային սառցադաշտերի
հնէաշխարհագրական ռեժիմում: Գերդարավոր ռիթմերից առանձնապես լավ
արտահայտված են 1800–1900 տարի տևողությամբ կլիմայական ռիթմերը: Այդպիսի
ռիթմերի ծագման պատճառը, գոյություն ունեցող տեսակետների համաձայն, Երկիր–
Արեգակ–Լուսին համակարգում մարմինների փոխդասավորության բնույթն է: Այսպես,
եթե այդ երեք մարմինները գտնվում են նույն հարթության մեջ և նույն ուղղության վրա,
ընդ որում՝ Երկիրն այդ ժամանակ գտնվում է արևամոտ կետում, իսկ Լուսինը` Արեգակի
և Երկրի միջև, ապա նման իրավիճակում Երկրի ամբողջ զանգվածում կուժեղանա
մակընթացությունը, որն առավել մեծ չափերով կարտահայտվի օվկիանոսների խոր ջրերի
վեր բարձրացմամբ, որը և կառաջացնի խոնավ, մեղմ ու զով կլիմայական իրադրություն:
Կլիմայական պայմանների նման ռիթմիկ տատանումներն, անշուշտ, իրենց
ազդեցությունն են ունենում աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրամասերի վրա

Երկրաբանական ցիկլերը առավել երկարատև պարբերություն ունեցող երևույթների
կրկնություններն են: Գտնում են, որ այդպիսի ռիթմերի պատճառը երկրագնդի ընդերքում
տեղի ունեցող երկրաբանական գործընթացներն են՝ չբացառելով նաև այդ գործընթացում
աստղաբաշխական գործոնների դերը: Երկրաբանական ամենաերկար ցիկնելն ունեն
165–180 մլն տարի պարբերություն և, ըստ երևույթին, համընկնում են արեգակնային
համակարգության` գալակտիկական տարվա տևողության հետ (200–230 մլն տարի):
Գալակտիկական տարին Գալակտիկայի շուրջը արեգակնային համակարգության
կատարած մեկ լրիվ պտույտի ժամանակամիջոցն է: Բնության ռիթմերի ուսումնասիրումը
և բացահայտումը կարևոր է աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող
գործընթացները կանխատեսելու և գիտական ու գործնական հարցերում ճիշտ
կողմնորոշվելու համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s