Հայաստանի զբոսայգիները

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։

Թումանյանի անվան այգի

Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը։

Վահան Զատիկյանի անվան այգի

Գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 1999թ. անվանակոչվել է համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով: Ընդգրկում է Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջնամասը: Այստեղ տեղադրված են Զորավար Անդրանիկի արձանը, «Նոյյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ:

Անգլիական այգի

Այս այգին ամենամեծ այգիներից մեկն է։ Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895թ. հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իս. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Իվ. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել. Բացվել է 1910թ. հոկտեմբերի 3-ին։

«Հաղթանակ» զբոսայգի

30-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 30-40-ական թվականներին՝ լենինյան շաբաթօրյակներին։ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակից հետո՝ Հաղթանակի օրվա առթիվ, այգում կառուցվեց «Հաղթանակ» հուշահամալիրը։ 1950թ. Երքաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի ենթակայությամբ հուշահամալիրի շուրջն ստեղծվեց մշակույթի և հանգստի գոտի։ Նույն թվականին այգում կանգնեցվեց Ստալինի արձանը, որը մնաց մինչև 1962թ.։ 1967թ. նույն պատվանդանին կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը։ «Հաղթանակ» զբոսայգում են գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, «Ո’չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, «Արևիկ» լճակը, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ։

Սիրահարների այգի

Դեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։ Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի։ Վերջին տարիներին անխնամ ու բարձիթողի վիճակում էր։ Այգին բարեկարգվեց ու վերակառուցվեց բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։

Կենդանաբանական այգի

Հիմնվել է 1940թ. նոյեմբերի 24-ին՝ պրոֆեսոր Արտավազդ Սարկիսովի առաջարկով և նախաձեռնությամբ։ Անգամ պատերազմական տարիներին այգին, մի քանի տասնյակ կենդանիներով, պահպանվեց։ Այսօր արդեն այգում 210 տեսակի մոտ 2300 կենդանի կա։

Մանկական երկաթուղի

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935թ. առաջ է քաշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ 1935թ. ԽՍՀՄ պետպլանի կողմից Երևանի մանկական երկաթգծի կառուցումը մտել է 1936թ. տարեկան ծրագրի մեջ։ 1936թ. ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանը դրել է այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը։ Այն հետագայում վերանվանվել է «Հայրենիք»։ Նախատեսված էր մանկական երկաթուղին շահագործման հանձնել 1937թ. նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s