Սևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր[20]։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար[21]։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում[20]։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։ 2011 թվականին Սևան ազգային պարկըհայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ[22]։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ[23]։