Հարիսան հայկական ազգային կերակուր է։
Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։
Խրիմյան Հայրիկը իր «Պապիկ և Թոռնիկ» գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստուածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Հարիսան բացի տոնածիսական ուտեստ լինելուց զատ նաև դասվել է զորաց ուտեստների դասին: Հարիսայի պատրաստման ընթացքը երկար ու դժվար է: Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։